Այսօր՝ դեկտեմբերի 23-ին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին ներկայացրեց նորանշանակ նախարարներ Վաչե Գաբրիելյանին եւ Հրայր Թովմասյանին։
«Վաչեի հետ աշխատում եմ 1990 թվականից՝ Գերագույն խորհրդից։ Հետեւել եմ նրա մասնագիտական փորձառությանը։ Գործ ունենք պարկեշտ անձնավորության եւ փորձառու մասնագետի հետ»,- ֆինանսների նախարարին այսպես բնութագրեց Տ. Սարգսյանը։
Նշենք, որ Վ. Գաբրիելյանը 1990-92 թ.թ. եղել է ԳԽ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ, իսկ հանձնաժողովի նախագահը հենց Տիգրան Սարգսյանն էր։ Հանձնաժողովից Վ. Գաբրիելյանը դուրս է եկել՝ ԱՄՆ Ռատգերսի համալսարանում ուսումը շարունակելու համար։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հասցեին նույնպես միայն դրական խոսքեր ասվեցին։ Վարչապետի խոսքով՝ նա արդեն իսկ կազմակերպչական աշխատանքի մեծ փորձ ունի՝ եղել է փոխնախարար, աշխատել է սահմանադրական դատարանում:




























