Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին երկրի ղեկավարին զեկուցել է Հանձնաժողովի գործունեության 2010թ. աշխատանքային ծրագրի կատարման մասին, ներկայացրել առկա հիմնահարցերն ու 2011թ. հունվարին Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվելիք օրակարգային հարցերը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահին ներկայացվել է նաեւ Սեւանա լճի էկոհամակարգի եւ ջրաբանական մոնիտորինգի ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցը: Ծրագրով առաջարկվում է ստեղծել մոնիտորինգային դիտարկումների եւ գնահատումների նոր համակարգ եւ մոնիտորինգային տեղեկատվական բանկ:

Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, 2010թ. աշխատանքային ծրագիրը կատարվել է ամբողջությամբ եւ սահմանված ժամկետներում:

Նախատեսված միջոցառումները հիմնականում ուղղված են եղել ջրի մակարդակի բարձրացմանը, ջրի մաքրության ապահովմանը եւ էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վերականգնմանը:

Նախագահը մի շարք հանձնարարություններ է տվել Հանձնաժողովին` ուղղված առաջին հերթին ափամաքրման աշխատանքներն արագ տեմպերով իրականացնելուն, որպեսզի հետագայում ջրի բարձրացմանը զուգահեռ մաքրման հետ կապված նոր խնդիրներ չառաջանան: Ընդգծվել է, որ եկող տարվա ընթացքում Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու լճի ջրի մաքրության խնդիրների լուծմանը: