Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանը կադրային փոփոխություններ է նախատեսում նախարարությունում: «Կադրային փոփոխությունները չեմ բացառում, դեռ չեմ արել, բայց պլանավորում եմ»,- այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանը՝ զերծ մնալով անուններ հրապարակելուց:
Անդրադառնալով նախարարական պորտֆելի փոփոխությանը, նա նշել է. «Նոր նախարարությունն ինձ համար նոր չէ եւ գիտեք, որ հոգեհարազատ նախարարություն է: Այդ առումով, ես շատ լավ տրամադրությամբ եմ գնացել, մեծ սպասելիքներով, ակնկալիքներով, աշխատանքային եւ նպատակային, տրամադրված եմ աշխատելու եւ կարծում եմ շատ շուտ մենք կկարողանանք կոնկրետ արդյունքը տեսնել»,-վստահեցրել է նախարարը: Իսկ ընդհանրապես ոլորտների փոփոխությունը համարել է շատ տրամաբանական. «Փոփոխությունը ռոտացիոն փոփոխություն է, որը շատ բնական է: Ֆինանսների նախարարությունում երեք տարի աշխատելը շատ օգտակար էր գիտելիքների եւ ըմբռնման առումով: Այն էկոնոմիկայի նախարարը, որն աշխատել է նաեւ ֆինանսների նախարար, իր համար շատ օգտակար փորձ է՝ գիտելիքի, մոտեցման ու որոշումներ ընդունելու առումով, այնպես որ նույնիսկ շատ ցանկալի կլիներ, եթե ապագայում էկոնոմիկայի նախարարները նաեւ ֆինանսներում աշխատելու փորձ ունենային»:
Հարցին, թե ամեն դեպքում ո՞րն է ավելի հոգեհարազատ ոլորտ, պատասխանել է, թե երկուսն էլ շատ ծանր են եւ շատ դժվար է աշխատել, ուժերի շատ մեծ լարում է պահանջում: «Կարծում եմ, մեզ դա ընդհանուր առմամբ հաջողվել է եւ կհաջողվի»,-հավատացրել է արդեն էկոնոմիկայի նախարարը:





























