Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցիալական ծառայությունների պարզեցման հայեցակարգ, որն այսօր՝ դեկտեմբերի 23-ին հավանության արժանացավ կառավարության նիստի ընթացքում։

Նախատեսվում է պետության կողմից ցանկացած տիպի նպաստ կամ թոշակ ստացող քաղաքացիներին սպասարկել մեկ ընդունարանում՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Դրա համար կստեղծվեն հատուկ համալիր կենտրոններ։

Բացի այդ՝ քաղաքացին այլեւս ստիպված չի լինի վազվզել տարաբնույթ գերատեսչություններում՝ տեղեկանքներ բերելու։ Նա պետք է միայն լրացնի դիմումը, իսկ համապատասխան տեղեկանքները կստանան կենտրոնի աշխատակիցները։ Օրինակ՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար, գործող կարգի համաձայն, քաղաքացին պետք է փաստաթուղթ ներկայացնի ռեգիստրից, կադաստրից, գյուղապետից եւ այլն։ Նոր կարգով, որն աստիճանաբար կկիրառվի 2011 թվականից, բոլոր այդ փաստաթղթերը պետք է ստանա կենտրոնի աշխատակիցը։

Կենտրոնները լինելու են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքում, ինչը դժգոհություն է առաջացրել մարզպետների եւ մի շարք քաղաքապետերի շրջանում։ Նրանք առաջարկներ են ներկայացրել՝ այդ կենտրոնները կամ մարզպետարանի, կամ համայնքի ենթակայության հանձնելու։ Սակայն կառավարությունը դրան ընդառաջ չի գնացել։