Դեկտեմբերի 23-ին գումարվել է Երեւանի ավագանու չորրորդ նստաշրջանի վերջին  նիստը, որը հաստատել է Երեւանի 2011 թվականի բյուջեն:

Երեւանի 2011թ. բյուջեի  եկամուտները նախատեսված են 55 մլրդ 796 մլն դրամ, ծախսերը՝ 58 մլրդ 296 մլն դրամ։ 2 մլրդ 500 մլն դրամ պակասուրդն ամբողջությամբ ֆինանսավորվելու է տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին։ Երեւանի պահուստային ֆոնդի համար նախատեսված է մոտ 4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ մոտ 6,7 տոկոսով ավելացել է եկամտային մասը։ Հարկային մուտքերն ու սեփական եկամուտները եւս 14 տոկոսով ավելի են նախատեսված։

Երեւանի  քաղաքապետ Կարեն Կարապետյանի գնահատմամբ` բյուջեի եկամտային մասը մեղմ է պլանավորված: Մասնավորապես,  քաղաքապետը նշեց, որ  ապառքների արդյունավետ կառավարման շնորհիվ հնարավոր է ավելի մեծ եկամուտ ակնկալել։ Նիստի ընթացքում Երեւանի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ տրվեցին ստեղծագործական  միավորումներին  եւ որոշակի թվով ֆիզիկական անձանց: