Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252 բանաձեւի՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգ չմտնելը վստահաբար պայմանավորված է Նենսի Փելոսիի պահվածքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասպանատու Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ Փելոսին պարկեշտ մոտեցում չցուցաբերեց, քանի որ ԱՄՆ Հայ համայնքին խոստացել էր, որ հարցը կմտցնի օրակարգ, սակայն մինչեւ վերջ հետամուտ չեղավ իր խոստմանը:

«Թեեւ ԱՄՆ վարչակազմը դեմ էր դրան, սակայն այն առարկությունները, որոնք նախկինում բերվում էին, թե բանաձեւի ընդունումը բացասաբար կազդի Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա, այս անգամ չօգտագործվեցին: Չօգտագործվեցին, քանի որ դրանք հիմնազուրկ են»,-հայտարարեց Մանոյանը:

Նա նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամն է, որ հարցը հասցվում է այս հանգրվանին, սակայն հետո տապալվում: «Բայց այս անգամ նենգամտորեն հարցը քննարկման չդրվեց, թեեւ բանաձեւին դեմ արտահայտվողներ չկային, ընդհակառակը կար դրական տրամադրված ներկայացուցիչների մեծամասնություն, որը կողմ էր բանաձեւին: Այսպիսով, հարցից խուսանավելը պարկեշտության պակաս է Փելոսիի կողմից»,-նկատեց Մանոյանը եւ հիշեցրեց Փելոսիի մինչ այդ արած հայտարարությունը, թե բավարար քվեների պարագայում 252 բանաձեւը կդնի քննարկման:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երեկ՝ դեկտեմբերի 22-ին մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձեւն ընդգրկել օրակարգում եւ քվեարկության դնել Կոնգրեսի այս կազմի օրոք: Ավելի վաղ Փելոսին մտադրություն էր հայտնել թիվ 252 բանաձեւը դնել քվեարկության: Բանաձեւի դեմ արշավ էին սկսել թուրքական լոբբին եւ նախագահ Օբամայի վարչակազմը, իսկ հայ մի շարք գործիչներ, այդ թվում երգիչ Սերժ Թանկյանն ու մոդել Քիմ Քարդաշյանը դիմել էին Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ կոչ անելով անպայման ընդունել այն:

Մարտի 4-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր բանաձեւը: