Երեւանը միակ մայրաքաղաքն է, որտեղ ամանորյա տուրիզմը գտնվում է զրոյական մակարդակի վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին Երեւանի ավագանու չորրորդ նստաշրջանի վերջին  նիստում հայտարարել է Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Նա նշել է, որ մայրաքաղաքում փոփոխություններ կատարելու հարցում ակնկալում է ավագանու աջակցությունը, նաեւ խոսել է տնտեսության մեջ  ներդրումների ավելացման եւ տուրիզմի խթանման մասին:

«Նոր տարվան որեւէ զբոսաշրջիկ մեզ մոտ այցելելու ցանկություն չի հայտնում, որովհետեւ մինչեւ հունվարի 4-5 բոլոր հաստատությունները Երեւանում փակ են։ Կան տուրիստական քաղաքի չափորոշիչներ, որոնց Երեւանը պետք է անպայման համապատասխանի»,-նշել է քաղաքապետն ընդգծելով, որ   քաղաքապետարանը հիմք ընդունելով մայրաքաղաքի հեռանկարային զարգացումը, պետք է ունենա եւ գործարարներին ներկայացնի ներդրումային առաջարկների տարբեր փաթեթներ։ Կարեն Կարապետյանը    հատուկ առանձնացրել է նաեւ  առողջապահության եւ կրթության ոլորտների բարեփոխման անհրաժեշտությունը։