Դեկտեմբերի 17-18-ին Վիեննայում գումարվել է Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի եւ Եվրոպայում միգրանտների գծով եկեղեցիների հանձնախմբի կողմից կազմակերպված «Եվրոպական եկեղեցիների պատասխանը միգրացիային 2010. ձեռքբերումներ, մարտահրավերներ եւ ապագայի հեռանկարներ» վերնագրով խորհրդաժողով, որին մասնակցել են ներկայացուցիչներ Եվրոպայի ավելի քան 20 երկրներից:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ի օրհնությամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ժողովին ներկայացրել է Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Համաժողովին ներկայացվել են զեկուցումներ, ծավալվել քննարկումներ Եվրոպայում ապաստանած գաղթականների խնդիրների, իրավունքների պաշտպանության, հասարակության մեջ ինտեգրման, ազգայնամոլության եւ խտրականության դադարեցման վերաբերյալ: Ժողովում ընդունվել է բանաձեւ, որով կոչ է ուղղվել Եվրոպային` պաշտպանելու գաղթականների մարդու իրավունքները եւ դատապարտելու նրանց նկատմամբ ազգայնամոլության հողի վրա դրսեւորվող խտրականությունը եւ բռնությունները:





























