Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտում հայացել է ՀՅԴ 120-ամյակին նվիրված միջոցառում, որտեղ ելույթ է ունեցել նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա նշել է, որ ՀՅԴ-ի համար Արցախը շարունակում է մնալ գերխնդիր եւ  լինելու է այդպիսին, մինչեւ աշխարհն ընդունի փաստը եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի կայացած Հանրապետությունը:

Հ. Մարգարյանը Արցախի համար կարեւոր առաջնահերթություններին անդրադառնալով հայտարարել է.

«ԼՂՀ-ն պետք է լինի կենսունակ, զարգացող, հզոր, գրավիչ երկիր` անհրաժեշտ է երկրում ապահովել սոցիալական արդարություն, ժողովրդավարություն:

ԼՂՀ-ն պետք է ունենա ակտիվ, ինքնուրույն, նախաձեռնող, ներազգային մշտական ներկայություն ու արտաքին քաղաքական գործունեություն:

Միջազգային ուժերը  ազատագրված տարածքները, բռնագրավված Շահումյանն ու Գետաշենը հայկական կամ ադրբեջանական տեսնելու ոչ մի շահագրգռություն չունեն: Խնդիրը մեր մեջ է, թե մենք ինչքանով ենք պատրաստ այդ ամբողջն իբրեւ սեփական Հայրենիք ներկայացնել եւ պաշտպանել:

Արցախը չպետք է մենակ մնա: Արցախի անվտանգության, հաջողության համար երաշխավոր պետք է շարունակի լինել Հայաստանի Հանրապետությունը: Արցախը պետք է շահագրգռված լինի որ Հայաստանը դառնա արդար, ազատ երկիր: Քաղաքականապես կայուն Հայաստանի Հանարպետության երաշխիքը ներազգային կյանքում արդարության ու ժողովրդավարության հաստատումն է:

Արցախը հզոր է: Արցախցիների տունդարձի ժամանակն է: Արցախցիները ոչ մի տեղ չեն կարող այնքան օգտակար լինել Արցախին, որքան հենց Արցախում: Դեպի տուն` Արցախ, վերադարձի ժամանակն է»: