«Հրայր եւ Աննա Հովնանյաններ» բարեգործական հիմնադրամը Երեւանի քաղաքապետարանից արդեն ստացել է Գարեգին Բ Կաթողիկոսի՝ Երեւանում կառուցվելիք նստավայրի եւ դրան կից Սուրբ Աննա եկեղեցու շինթույլտվություն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Հրայր Հովնանյանի անձնական ներկայացուցիչ Նաիրա Մելիքյանը։

Նրա խոսքով, Երեւանի քաղաքապետարանը Աբովյան 15 հասցեում՝ Կաթողիկե մատուռի տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու կառուցման շինթույլտվություն տրամադրել է դեկտեմբերի կեսերին։ «Արդեն իսկ տենդեր ենք հայտարարել եւ փետրվարի կեսերին, երբ տենդերի փաթեթները հետ հանձնված կլինեն, մենք կիմանանք եւ կհայտարարենք կաթողիկոսական նստավայրի եւ եկեղեցու շինարարությունն իրականացնող ընկերության անունը»,- ասաց Հայաստանում Հրայր Հովնանյանի անձնական ներկայացուցիչը։