Կրեմլի կարծիքով՝ նախագահական ընտրություններին հնարավոր թեկնածուներից մեկի օրինական հիմունքներով չմասնակցելը չի կարող ազդել ընտրությունների լեգիտիմության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի մարտի 18-ին:
«Անկասկած, թեկնածու դառնալու ցանկություն ունեցողներից մեկի մասնակցելու անհնարինությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ իր դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը, ոչ մի կերպ չպետք է ազդի ընտրությունների լեգիտիմության վրա»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով որոշ վերլուծաբանների տեսակետը, որ Ալեքսեյ Նավալնու ընտրություններին չմասնակցելը իբր կազդի մասնակցության եւ լեգիտիմության վրա:
Պեսկովը հավելել է, որ Կրեմլում ծանոթ են վերլուծաբանների տարբեր տեսակետներին, սակայն «մենք չենք կարող համաձայնվել այդ տեսակետին (որ առանց Նավալնու մասնակցության ընտրությունները կարող են ոչ լեգիտիմ համարվել – խմբ.)»:
Նախօրեին ԿԸՀ-ն հրաժարվել էր Նավալնուն ՌԴ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցել՝ պատճառաբանելով, որ նրա դատվածությունը մարված չէ: ԿԸՀ-ն որոշում է ընդունել մերժել «ՌԴ նախագահի պաշտոնի համար ինքնաառաջադրված Ալեքսեյ Նավալնիին աջակցող խմբին եւ նրա լիազորված ներկայացուցիչներին նրան գրանցելու համար՝ կապված թեկնածուի պասիվ ընտրական իրավունք չունենալով»:



























