Հայկական կողմի համար ղարաբաղյան կարգավորումը առանձնահատուկ նշանակություն ունի: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավելի քան 10 հայտարարություն են արել, ինչը խոսում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջնորդների բավական ակտիվ գործունեության մասին: Տեղի է ունեցել արտգործնախարարների հինգ հանդիպում եւ նախագահների հանդիպումը Ժնեւում:

«Եվ եթե հաշվի առնենք, որ այս հայտարարությունները նախորդում էին կամ արվում էին որեւէ իրադարձությունից հետո, օրինակ՝ արտաքին գործերի նախարարների հանդիպումից, համանախագահների տարածաշրջանային այցերից եւ նախագահների հանդիպումներից հետո,  ապա ակնհայտ է դառնում, որ համանախագահները բավական ակտիվ են աշխատել», - նշել է Բեքարյանը՝ հավելելով, որ ուրիշ հարց է, թե ինչ արդյունքներ են ձեռք բերվել այդ ակտիվ գործունեության շնորհիվ:

Միեւնույն ժամանակ, պատգամավորը գտնում է, որ արտաքին գործերի նախարարների հայտարարությունները ավելի կարեւոր են, քան այս հարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պարզ դիրքորոշումը:

Փորձագետը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների, արտգործնախարարների եւ նախագահների կողմից տարբեր հանդիպումների եւ իրադարձությունների մասին հայտարարությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության խնդիր կա, ինչպես նաեւ՝ շփման գծում լարվածության նվազեցման խնդիր:

Ըստ Բեքարյանի՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում որեւէ դրական առաջխաղացում ակնկալել չարժե, քանի դեռ շփման գծում միջադեպեր են տեղի ունենում, որոնք հանգեցնում են մարդկային զոհերի երկու կողմերից էլ, այդ թվում նաեւ՝ խաղաղ բնակչության շրջանում: ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության իրական լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է իսկապես նվազեցնել լարվածության մակարդակը շփման գծում: