Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը ներկայացրել է «Թվային Հայաստան» հիմնադրամի 2017 թ. գործունեության հաշվետվությունը: Զեկուցվել է 2017թ. գործունեության ծրագրով նախատեսված եւ իրականացված միջոցառումների մասին, որոնք ուղղված են եղել պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը եւ թվային միջավայրի ձեւավորմանը, այն է՝ պետական կառավարման ոլորտում առկա թվայնացման ռազմավարությունների գույքագրում, առկա ՏՀՏ ենթակառուցվածքների եւ էլեկտրոնային ծառայությունների զարգացման գործընթացներին աջակցություն, Թվային Օրակարգի մշակման գործընթացին մասնակցություն եւ այլն: Խորհուրդը քննարկել է կատարված աշխատանքները եւ ի գիտություն ընդունել հաշվետվությունը:

Կառավարության ղեկավարը «Թվային Հայաստան»-ի գործադիր տնօրենի ուշադրությունը հրավիրել է հիմնադրամի գերակայությունների եւ չափելի արդյունքների հստակ ձեւակերպման անհրաժեշտության վրա՝ համապատասխան հանձնարարական տալով նրան:

Նիստում ներկայացվել է նաեւ  «Թվային Հայաստան»-ի 2018 թ. գործունեության ծրագիրը, որով հիմնադրամը նպատակադրվում է իրականացնել գերակա ծրագրեր եւ միջոցառումներ  հետեւյալ ուղղություններով՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբերանվտանգություն, թվային հմտությունների զարգացում եւ մասնավոր հատվածի թվային փոխակերպում:

Էդուարդ Ներսիսյանի խոսքով՝ ներկայացված քայլերը կնպաստեն թվային փոխակերպման գործընթացի արագ իրականացմանը եւ միջազգային ինդեքսներում Հայաստանի ցուցանիշների բարելավմանը: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվող փաստաթղթի վերաբերյալ: 

Վարչապետը հանձնարարել է հետագա աշխատանքներում ներգրավել նաեւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ բազմակողմանի քննարկում ապահովելու համար, լրամշակել փաստաթուղթը եւ վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն: