Թերթին հարցազրույց է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Տարվա ընթացքում շարունակ խոսվում եւ քննարկվում էր ներկոալիցիոն հակասությունների եւ կոալիցիայի մոտալուտ կազմալուծման հարցը: Ինչպե՞ս եք գնահատում կոալիցիոն համագործակցությունը, հնարավո՞ր է, որ առաջիկայում կոալիցիան այնուամենայնիվ քանդվի:
Այո, այս տարի նման տեղեկատվության պակաս չզգացվեց: Մենք այս կապակցությամբ բազմիցս հայտնել ենք մեր տեսակետը: Կոալիցիա կազմել՝ չի նշանակում, որ այնտեղ գտնվող կուսակցությունները չեն կարող ունենալ իրարից տարբերվող կարծիքներ ու տեսակետներ: Երբեմն այդ կարծիքների տարբերությունը կարող է նման սխալ ենթադրությունների առիթ հանդիսանալ: Սակայն բոլոր այն հարցերում, որտեղ ունենք կոալիցիոն համաձայնություններ եւ պարտավորություններ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ դրանց իրականացմանը: Այսօրվա դրությամբ քաղաքական կոալիցիայի աշխատանքը մենք էլ ենք արդյունավետ գնահատում:
Տարեվերջին քաղաքական դաշտում տեղի ունեցան որոշ կադրային տեղաշարժեր: Խոսվում էր նաեւ ԲՀԿ նախարարների պաշտոնանկության մասին: Ի՞նչ կասեիք այդ մասին, դա հնարավո՞ր է:
Մեզ համար քաղաքական կամ պետական պաշտոնները երբեք ինքնանպատակ չեն եղել: Ով կարող է այդ ծանրության տակ մտնել, իրեն վերապահված ոլորտը լավ կառավարել, նա էլ պետք է ստանձնի այդ պաշտոնը: Մեզ մոտ ծանոթ բարեկամ չկա: Մարդը գնահատվում է միայն ըստ իր գիտելիքների, մասնագիտական եւ մարդկային որակների: Դուք տեսաք, որ տարվա ընթացքում մենք էլ կատարեցինք որոշ կադրային տեղաշարժեր, հետ կանչեցինք մեր նախարարներից երկուսին, նրանց տեղն առաջարկելով նորերին: Սա նորմալ, բնականոն գործընթաց է: Նույն կերպ եմ ես նայում նաեւ կոալիցիոն համաձայնությամբ հանրապետական գործընկերներին վերապահված ոլորտներում իրականացվող կադրային փոփոխություններին: Ինչ վերաբերում է մեր նախարարների պաշտոնակության մասին լուրերին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Ես մեր նախարարների աշխատանքից գոհ եմ, հատկապես առողջապահության նախարար հարություն Քուշկյանի աշխատանքից, ով ահռելի աշխատանք է կատարում մեր երկրի առողջապահական ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու ուղղությամբ:





























