Թերթի տեղեկություններով՝ արդեն երկու օր է Երեւանում ավտոտեսուչները կանգնեցնում են թիկնապահական շքախմբերով անցնող ավտոմեքենաները։ Խուզարկվում են թիկնապահական բոլոր մեքենաները, նույնիսկ եթե դրանք ուղեկցում են պաշտոնատար անձանց։ Նման դեպքերում առաջին մեքենային թույլ են տալիս անցնել առանց զննության, իսկ դրան հետեւող թիկնապահների մեքենաները խուզարկում են:
Ենթադրվում է, որ այս ամենը կապ ունի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի հետ։ Նա նշել էր, թե իր համար անհասկանալի են թիկնապահների շքահանդեսները եւ որ թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված չափի եւ ձեւի մեջ։ Եվ այս հարցը կարգավորելու առումով Ազգային ժողովն անելիքներ ունի:
Այս ստուգումների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն ստանալու նպատակով, թերթը զանգահարել է Ոստիկանության լրատվական վարչություն, որի ղեկավար Աշոտ Ահարոնյանն ասաց, թե իբր որեւէ տեղեկություն չունի, որ նման ստուգումներ են իրականացվում։ Ըստ թերթի աղբյուրների, խորհրդակցության ժամանակ նման հանձնարարական է տվել Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Ենթադրվում է, որ ոստիկանապետ Ալիկ Աարգսյանը չէր կարող տեղյակ չլինել այդ հանձնարարականից։





























