Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին եւ անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում: Այդ մասին ԱԳՆ-ում տարեվերջյան միջոցառման ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ»,- նշել է նախագահը։

Նրա խոսքով, այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով։ «Դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում»,- ասել է նա: