2010-ը ձեռքբերումների տարի չի կարելի համարել. երկրում կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ ոչ մի առաջընթաց չի գրանցվել, հակառակը խորանում են բացասական միտումները։ Դեկտեմբերի 24-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Մասնավորապես, աճում է արտագաղթը։ 2010-ի անցած 9 ամիսների կտրվածքով Հայաստանից հեռացել է 65 հազար մարդ։ Հարցումները ցույց են տալիս, որ երկրից հեռանալու ցանկություն է հայտնում բնակիչների 40 տոկոսը։ Բացի այդ, աճում է աղքատությունը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում աղքատ է շուրջ 1 մլն մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր 3-րդը։ Ճիշտ է, կարձանագրվի 2,5 տոկոս տնտեսական աճ, սակայն չպետք է մոռանալ անցած տարվա 14-15 տոկոս անկումը»,- տարին ամփոփ գնահատեց Դեմիրճյանը, հավելելով, որ 2010-ին ձեռքբերումներ չեն գրանցվել նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում։

«Բարենպաստ չեն հատկապես ղարաբաղյան հարցում գրանցվող զարգացումները։ Զգացնել է տալիս ժամանակին թույլ տված սխալը՝ բանակցային գործընթացից  ԼՂՀ-ին դուրս թողնելը»,- ավելացրեց Դեմիրճյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմությունը տարին ամփոփելիս գույները միշտ ավելի է խտացնում, ՀԺԿ նախագահն ասաց. «Գույները խտացնելու կարիք չկա, երկիրն իրոք տխուր վիճակում է։ Այս վիճակը շտկելու համար անհրաժեշտ է ազատ, անկախ ընտրություններ անցկացնել»։