Հայաստանի գյուղատնտեսության նախարարը 2010 թվականը գյուղատնտեսության համար ոչ բարենպաստ տարի է գնահատել: «Օպերատիվ տվյալներով, մոտ 14,5 տոկոս անկում ունենք բուսաբուծության ոլորտում: Անցած տարի 2009 թվականին Արմավիրի մարզում ունեցել ենք 9 հազար 7 հարյուր 20 տոննա միրգ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը:
Հարցին, թե անկումը բնակլիմայական պայմաններո՞վ է պայմանավորված, թե՞ կառավարության քաղաքականությամբ, Գյուղնախարարը պատասխանել է. «Անկման հիմնական պատճառը բնակլիմիայական պայմաններն են: Ասեմ նաեւ ինչու, որովհետեւ տարածաշրջանում է էդպես ե՜ւ Ռուսաստանում, ե՜ւ Ադրբեջանում, ե՜ւ Վրաստանում: Էս բնակլիմայական պայմանները համատարած էր, եթե մարտ-ապրիլ ամսին եղան ցրտահարություններ եւ պտղի ծաղիկների մոտ 70 տոկոսը ցրտահարվեց, դրանում գյուղատնտեսության ու կառավարության մեղքի բաժինը ո՞րն է»:
Գերասիմ Ալավերդյանը դժվարացել է կոնկրետ գնահատական տալ 2010 թվականին իր կատարած աշխատանքին, միայն ամփոփ ներկայացրել է իր աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկը. «Ես չեմ սիրում իմ աշխատանքը գնահատել, ես ինքս առավոտը ժամը 9-ին աշխատանքի վայրում եմ, ամենաշուտը գնում եմ 8-10-ին եւ էդ ամբողջ ընթացքում իմ համապաատասխան աշխատանքներն եմ իրականացնում, գնահատականը թող տա մեր հասարակությունը»,- «համեստորեն» նշել է գյուղնախարարը:




























