Հայաստանի Կոտայքի մարզը, ավելի ճիշտ մարզային վարչակազմի ղեկավարությունը, ամենակոռումպացվածն ու ոչ արդյունավետն է հանրապետության մյուս մարզային վարչակազմերի շարքում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, հավելելով, որ մարզպետարանի կազմակերպած 25 աճուրդներից 15-ն անցկացվել է խախտումներով: Դպրոցների հիմնանորոգման, ֆինանսավորման, ջրագծերի ու ճանապարհների կառուցման ֆինանսավորումների ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ 65 մլն դրամի խախտում է եղել, այդ գումարի զգալի մասը վերականգնվել է:
Միայն Հրազդանի քաղաքապետարանը մի ամբողջ շարք գործարքներ է իրականացրել, որոնց արդյունքում հասցվել է 20 մլն դրամի վնաս:
«Հրազդանում գոյություն չունեցող մշակութային եւ կրթական օբյեկտներում աշխատակիցներ են գրանցվել, որոնք աշխատավարձեր են ստացել»,- հայտնել է Հովսեփյանը:
Հրազդանում ֆինանսական խախտումները գերազանցել են 27 մլն դրամը: Ծաղկաձոր քաղաքում 26 հա հող է օտարել` 151 հողամաս, 156 վաճառքի ու աճուրդի միջոցով: Ընդ որում, այդ հողակտորները օտարվել են քաղաքապետի հարազատներին, ինչն արգելվում է օրենքով: Ստուգումների արդյունքում 12 գործարք անվավեր է ճանաչվել: Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի ապօրինությունների արդյուքնում 80 մլն դրամի վնաս է հասցվել պետությանը:
Ամփոփելով ասվածը՝ Հովսեփյանը հավաստիացրել է, որ բոլոր օրինախախտները պատժվելու են, եւ որեւէ հանցագործություն անհետեւանք չի մնա:
Նշենք, որ Կոտայքի մարզպետը Կովալենկո Շահգալդյանն է:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























