Միացյալ Նահանգները դատապարտել է Իրանում խաղաղ ցուցարարների ձերբակալությունները: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ:
«Մենք հետեւում ենք երկրի բոլոր քաղաքներում Իրանի քաղաքացիների բազմաթիվ խաղաղ ցույցերի մասին լուրերին: ԱՄՆ-ն դատապարտում է խաղաղ ցուցարարների ձերբակալությունները: Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հրապարակայնորեն աջակցել Իրանի ժողովրդին եւ մարդու հիմնարար իրավունքներին հետեւելու եւ կոռուպցիայի վերացման նրանց պահանջներին»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ «Իրանի առաջնորդները հարուստ պատմությամբ եւ մշակույթով երկիրը վերածել են տնտեսապես դատարկված, մեկուսացած պետության, որն արտահանում է միայն բռնություն, արյունահեղություն եւ քաոս»:
Նաուերթը հիշեցրել է, որ 2017-ի հունիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կոնգրեսի լսումների ժամանակ աջակցություն է հայտնել Իրանի այն շրջանակներին, որոնք «նոր կառավարությանը խաղաղ անցնելու կողմակիցն են»:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նշել է, որ «Իրանի կառավարությունը պետք է հարգանքով վերաբերվի իր ժողովրդի իրավունքներին, այդ թվում ազատ արտահայտվելու իրավունքին»:
«Իրանի քաղաքացիները մինչեւ կոկորդը կուշտ են կոռուպցիայից, որը գրավել է ողջ ռեժիմը եւ որը ֆինանսավորում է ահաբեկչությունը արտասահմանում: Աշխարհը հետեւում է այն ամենին, ինչ կատարվում է Իրանում», - ընդգծել է Սանդերսը:




























