Վիեննայի հայտարարությունը կրկին հաստատեց, որ կան կոնկրետ առաջարկներ, սկզբունքներ, դրանք են բանակցային գործընթացի հիմքը: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ասել է «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում՝ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը:

Նրա խոսքով, Արցախի խնդրի հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների էական տարբերությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է համանախագահների կողմից իբրեւ թե արված ինչ-որ հորինածին առաջարկներ ներկայացնել, ինչ-որ հորինածին բանակցային գործընթացներ ներկայացնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Նալբանդյանն ընդգծել է, որ այստեղ հեծանիվ հորինելը դժվար է, ԼՂ խնդրի կարգավորման առաջարկներն արվել են բազմիցս եռանախագահողների կողմից, բարձրացվել է նախագահների մակարդակ. «Հայաստանը բազմիցս է ասել, որ մենք պատրաստ ենք այդ հայտարարություններում արված առաջարկությունների եւ սկզբունքների տառերի հիման վրա, որոնք որպես մեկ ամբողջություն են ներկայացել, շարունակել բանակցությունները, գնալ դեպի կարգավորում: Հենց Վիեննայում վերջին նախարարական համաժողովի ժամանակ եռանախագահող երկրների նախարարների մակարդակով արված հայտարարությունը եւս մեկ անգամ հաստատեց, որ կան կոնկրետ առաջարկներ, սկզբունքներ, հենց դրանք են հիմք համարվում այս բանակցային գործընթացին»:

Անդրադառնալով Վիեննայում իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյանորվի հանդիպմանը, նալբանդյանը նշել է, որ հանդիպումն, ընդհանուր առմամբ, դրական մթնոլորտում է անցել, բայց դրանից անմիջապես հետո Ադրբեջանի կողմից հնչում են բազմաթիվ անհիմն մեղադրանքներ, ռազմատենչ հռետորաբանություն:

Հարցին, թե ինչ է քննարկվում փակ դռների հետեւում, նախարարը պատասխանել է. «Նայած հանդիպում եւ նայած բանակցային գործընթացն ինչ փուլում է գտնվում: Օրինակ՝ Վիեննայում վերջին հանդիպումը դեկտեմբերին էր, դրանից առաջ գագաթնաժողովն էր, որի ժամանակ նախագահների մակարդակով պայմանավորվածություններ էր ձեռք բերվել, առաջինը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել թուլացնելու լարվածությունը շփման գծում եւ ինտենսիֆիկացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը, ինչպես կարելի է նվազեցնել՝ դրանց մասին ասվել էր եւ պայմանավորվել էինք Վիեննայում եւ Սանկտ պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ»:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանն ամեն ձեւով փորձում էր ձեւացնել, որ պայմանավորվածություններ չկան, ամեն քայլ ձեռնարկում էր, որ այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն եւ անգամ ասվում էր, որ իբրեւ թե Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշել, որ բանակցային գործընթաց լինի, ինչը իրականությունից շատ հեռու էր. «Եռանախագահների վերջին հայտարարությունն այն մասին էր, որ ո՛չ, բոլոր պայմանավորվածությունները պետք է իրականացնել: Բայց ոչ միայն այդ, կոնկրետ մի փակագիծ բացեմ. ես հարցրի իմ գործընկերոջը, թե լավ, նախագահները պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնելու լրացուցիչ քայլեր ձեռնարկել, արդյոք Ադրբեջանն այսօր կարո՞ղ է վերահաստատել հանձնառությունը եռակողմ, անժամկետ 94-95 թթ. համաձայնագրերի վերաբերյալ: Եվ դա միայն մեր պահանջը չէ, դա այն կոչն է, որը եռանախագահող երկրները տարիներ շարունակ հնչեցնում են եւ կոչ են անում կողմերին: Ե՛վ Ղարաբաղը, եւ՛ Հայաստանը միշտ հայտարարել են, որ հավատարիմ են մնում այդ համաձայնգրերին, իսկ Ադրբեջանն ամեն ձեւով փորձում է հետ կանգնել այդ պայմանավորվածություններից»: