2010 թվականին Հայաստանի իշխանությունները նահանջողի այնպիսի կարգավիճակում էին, որ արտաքին ուժերի կողմից միտում կար Հայաստանին լուծումներ պարտադրելու: Դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
«Սակայն տարվա կեսին Սահմանադրական դատարանի որոշմամբ որոշակի բաներ փոխվեցին հայ-թուրքական հարաբերություններում: Նաեւ Հայաստանի իշխանությունների տոնայնությունն այս հարցում սկսեց փոխվել. շատ ավելի վճռականություն դրսեւորվեց»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով, սակայն, հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը դեռ հաղթահարված չէ եւ շարունակում է կախված մնալ թուրքական կողմի քմահաճույքից:
Շահբազյանի ներկայացմամբ, 2010 թվականին տագնապալից իրավիճակ էր նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Մեզ համար վտանգավոր պայմաններով փորձում էին լուծումներ պարտադրել Հայաստանին: Կարծես թե հասել էինք այն սահմանին, երբ Հայաստանը պետք է գնար զիջումներին: Տեղի ունեցող սահմանային միջադեպերն ավելի էին ընդգծում, որ այդ զիջումներին չգնալու եւ մեր դիրքերից չնահանջելու համար անհրաժետ է խնդիրներն արագորեն լուծել այն սկզբուքներով, որին հասել ենք»,-ամփոփեց ՀՅԴ ներկայացուցիչը:





























