Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով, հաղորդում են տեղական Mehr եւ Fars գործակալությունները:
«Փողոցում բողոքող ոչ բոլոր մարդիկ են օտարերկրացիների կողմից ղեկավարվում, կան մարդիկ, որոնք բողոքում են սեփական նախաձեռնությամբ եւ խնդիրների պատճառով», - ասել է Ռոհանին, մեջբերում է Mehr-ը:
Նա նշել է, որ իրավիճակը պետք է օգտագործել «խնդիրների խորը պատճառները գտնելու համար»:
Ռոհանին նաեւ ասել է, որ որոշ երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, փորձել են Իրանում «անկարգություններ առաջացնել», հաղորդում է «Ֆարս»-ը: «Սաուդյան Արաբիան բացահայտ հայտարարել է, որ Թեհրանում խնդիրներ կստեղծի», - ասել է նախագահը:
Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհեդը, Իսֆահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Ավելի վաղ իշխանությունները հաղորդել էին, որ Դորուդ քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում երկու մարդ է զոհվել՝ նշելով, որ «անվտանգության ուժերը ցուցարարներին չեն կրակել»: Ավելի ուշ բողոքի զոհերի թիվը հասավ 12-ի:




























