ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Իրանում բողոքի ցույցերը չեն զարգանա բռնության եւ արյունահեղության սցենարով եւ հայտարարել են արտաքին միջամտության անթույլատրելիության մասին, որն իրավիճակը ապակայունացնում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:ՌԴ ԱԳՆ-ում, մեկնաբանելով Իրանի իրավիճակը, հույս են հայտնել, որ իրավիճակը չի զարգանա բռնության եւ արյունահեղության սցենարով:
«Դա Իրանի ներքին գործն է», - լրագրողներին Իրանի հարցով մեկնաբանել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Մենք հույս ենք հայտնում, որ իրավիճակը չի զարգանա բռնության եւ արյունահեղության սցենարով: Անընդունելի է արտաքին միջամտությունը, որն ապակայունացնում է իրավիճակը»,- ավելացրել են նախարարությունում:
Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհեդը, Իսֆահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով, այդ թվում Սաուդյան Արաբիայի:
Ավելի վաղ Սպիտակ տունը պաշտոնապես աջակցություն էր հայտնել Իրանի ցուցարարներին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եկել է փոփոխությունների ժամանակը:




























