Գեղարքունիքի մարզի դատախազությունն անհրաժեշտ չի համարում հետաքննել «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության գործողությունները, որը Արգիճի գետի վրա ապօրինի խրամուղի է կառուցել:

Ի պատասխան «Էկոլուր»-ի պահանջի` հետաքննել Սեւանա լճի էկոհամակարգին եւ Գայլաձոր վտակի հետ Արգիճի գետին ընկերության հասցրած վնասը, դատախազությունը հղում է կատարել այն բանի վրա, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը որեւէ վնաս չի հայտնաբերել:

Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանի՝ «Էկոլուր»-ին ուղղված պատասխան նամակում նշված է, որ բնապահպանության նախարարությունը դատախազությանն ուղղված իր նամակով տեղեկացրել է. «Սեւանա լճի էկոհմակարգին եւ Գայլաձոր վտակի սնուցմանը վնաս չի պատճառվել… ապօրինի կառուցված խրամուղու ամբողջ երկարության վրա որեւիցե աղբյուր գոյություն չունի: Նշված խրամուղի լցվող ջրերն առաջացել են ՀՀ Վայոց ձորի Աղնջաձոր համայնքին ոռոգման ջրեր ապահովող ջրագծի վրա առկա վթարներից: Արգիճի գետի Գայլաձոր վտակում ծովի մակերեւույթից 2300 մ բարձրության վրա առաջացել է կողակ ձկնատեսակի տեղային պոպուլյացիա, որը ապրում, զարգանում, վերարտադրվում է գետում եւ չի խառնվում Սեւանա լճի պոպուլյացիաների հետ… Ձկների անկում, որը կարող է հիմք հանդիսանալ վնասի հաշվարկման համար, չի հայտնաբերվել»:

«Էկոլուրն» այս պատասխանի առնչությամբ լրացուցիչ հարցումներ է կատարել։