Շուտով Նոր տարի է՝ երեխաների ամենասիրելի տոնը, իսկ դա նշանակում է, որ երեւանյան գրեթե բոլոր թատրոնները պատրաստվում են ամանորյա ներկայացումների եւ շուտով իրենց դռները կբացեն մանուկների առաջ։ Ամեն տարի, Նոր տարվա գալուստով, մայրաքաղաքի թատրոնները խաղացանկ են ներառում եւ իրենց փոքրիկ հանդիսատեսին առաջարկում են մեկ-երկու ամանորյա ներկայացումներ։
Չխախտելով Նոր տարվա գեղեցիկ ավանդույթը՝ այս տարի եւս Երեւանի գրեթե բոլոր թատրոնները բազմաթիվ «տոնածառային հանդեսներ» կառաջարկեն երեխաներին։ Դրանց խաղացանկին, գնային քաղաքականությանը եւ մի շարք այլ հարցերի պատասխանն ստանալու նպատակով NEWS.am-ի թղթակիցը փոքրիկ հարցում անցկացրեց մայրաքաղաքի թատրոններում։
Ամանորի նախաշեմին զրուցելով Երեւանում գործող գրեթե բոլոր թատրոնների աշխատակիցների հետ, պարզեցինք, որ Նոր տարվա ներկայացումները դրանցից մի քանիսում սկսվել են արդեն դեկտեմբերի 21-ից եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը։
Նոր տարվա տոնական հանդիսությունները բոլորից շուտ սկսել է Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ դեկտեմբերի 21-ից։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դրանք սկսվել են դեկտեմբերի 24-ից, իսկ ահա Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կսկսվեն դեկտեմբերի 28-ից։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկականում «տոնածառային հանդեսները» մանուկներին կուրախացնեն դեկտեմբերի 24-ից, իսկ «Մետրո թատրոնը» փոքրիկներին սկսել է դիմավորել դեռ դեկտեմբերի 22-ից։
Հատկանշական է, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը եւ «Պատանի հանդիսատեսն» այս տարի մանկական ամանորյա ներկայացումներ չեն ունենա։ Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը նշեց, որ իրենք այժմ կենտրոնացած են ավելի լուրջ ներկայացումների վրա։ «Այս տարի 7 նոր ներկայացում ենք ունեցել, հիմա էլ մեզ մոտ պրեմիերաներ են»,- ասաց նա։ «Պատանի հանդիսատեսի» թատրոնից այս առումով որեւէ տեղեկատվություն չտրամադրեցին։
Ինչ վերաբերում է տոմսերի արժեքին, ապա դրանք տատանվում են 500-700 դրամի սահմաններում, ինչը թատրոնների ներկայացուցիչների խոսքով, թույլ կտա, որպեսզի Ամանորին թատրոնների դահլիճները լեփ-լեցուն լինեն մարդկանցով եւ իրենք հանդիսատեսի պակաս չունենան։
NEWS.am-ի թղթակիցը պարզեց նաեւ, որ վերոնշյալ բոլոր թատրոններն ապահովված են ջեռուցման համակարգերով եւ փոքրիկ հանդիսատեսը Ամանորին իրենց մոտ չի մրսի։





























