Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Քասեմին դատապարտել է Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրանում ստեղծված իրավիճակի մասին ու կոչ է արել նրան կենտրոնանալ ԱՄՆ ներքին խնդիրների վրա, հայտնում է IRNA-ն։

«Նա վերջերս նկարագրել է իրանցիներին որպես «ահաբեկչական ազգ» ու շարունակում էր վիրավորել Իրանի ժողովրդի ազգային զգացումները երկրում ու ամբողջ աշխարհում»,- մեջբերում է գործակալությունը Քասեմիին։ Նա հավելել է, որ այսօր Թրամփը վիրավորական բառեր է օգտագործել իրանցիների հասցեին։

Քասեմիի կարծիքով՝ «Թրամփի նման մոտեցումը կհանգեցնի ամբողջ աշխարհում Իրանի արժանի մարդկանց արձագանքին»։

Քասեմին նաեւ Թրամփին խորհուրդ է տվել ավելի քիչ ժամանակ վատնել Twitter-ում մարդկանց ու ազգերի հասցեին վիրավորական գրառումներ հրապարակելու վրա։ «Ավելի լավ է նա փորձեր ԱՄՆ ներքին խնդիրներով զբաղվել՝ օրինակ զինված բախումների ու փոխհրաձգությունների հետեւանքով երկրում մեծաքանակ մարդկային զոհերի, նաեւ միլիոնավոր անօթեւան ու քաղցած մարդկանց խնդիրներով»,- ասել է Քասեմին։

Թրամփը ավելի վաղ իր Թվիթերում գրել էր, որ «Իրանի ժողովուրդը վերջապես ընդվզել է իրանական կոպիտ ու կոռումպացված վարչակազմի դեմ»։ Թրամփի խոսքով՝ բոլոր գումարները, որոնք «ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման անմտորեն տվել է նրանց, օգտագործվել են ահաբեկչությանն աջակցելու նպատակով»։ Նա հավելել է որ Իրանում «քիչ ուտելիք, գնաճի ու անիրավության բարձր մակարդակ կա»։