Նրանց, ովքեր երեք օր անց շարունակում են մասնակցել բողոքի ցույցերին, ավելի խիստ պատիժ է սպասվում։ Այս մասին հայտնել է Իրանի հեղափոխական դատարանի ղեկավար Խոջատոլեսլեմ Մուսա Կազանֆարաբադին, փոխանցում է Tasnim-ը։
Խոջատոլեսլեմ Մուսա Կազանֆարաբադիի խոսքով՝ նրանք, ովքեր մասնակցում են բողոքի ցույցերին դրանց սկսվելուց երեք օր անց, գիտակցաբար են փողոց դուրս եկել ու դիմել բռնության, չնայած կառավարությունն արգելել է նման ցույցեր ։
Բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ պատիժներն օրեցօր ավելի են խստանալու։ «Նրանց կդիտարկեն ոչ թե որպես ցուցարարներ, այլ որպես խռովարարներ, որոնք փորձում են վնասել պետական ապարատին»,- փոխանցում է գործակալությունը։
Կազանֆարաբադին նշել է, որ ձերբակալվածները, որոնք ղեկավարել են բողոքի ցույցերը ու կապ ունեն օտարերկրյա հետախուզության հետ, շուտով կկանգնեն դատարանի առաջ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Թեհրանում երեք օրվա ընթացքում ավելի քան 450 ցուցարար է ձերբակալվել։ Երկրի անվտանգության ուժերը մի քանի մարդ են ձերբակալել բողոք հրահրելու համար։




























