Այսօր՝ դեկտեմբերի 24-ի առավոտյան Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այցելել է մայրաքաղաքի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած ընտանիքներին։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մաշտոցի պողոտայի թիվ 52 եւ 54 շենքերի եւ Կորյունի փողոցի թիվ 21 եւ 21ա շենքերի միջեւ գտնվող անհատական տների հրդեհվելուց հետո վրաններում ապրող բնակիչներին քաղաքապետի հանձնարարությամբ կհատկացվի դրամական աջակցություն։ Կարեն Կարապետյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անօթեւան ընտանիքները 4 ամիս կապրեն վարձակալությամբ։
Բնակիչները վարձակալությամբ ապրելու համար քաղաքապետարանի կողմից կստանան հատուցում, որից հետո նրանց խնդրին կտրվի հիմնավոր լուծում։ Հրդեհից տուժած բնակիչներին Կենտրոն վարչական շրջանի կողմից հատկացվել է նաեւ վառելափայտ եւ հագուստ։





























