ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ցավում է Իրանում բողոքի ակցիաների ժամանակ զոհերի համար եւ կոչ է անում խուսափել բռնությունից: Այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստությամբ հետեւում է Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին: «Նա ցավում է բողոքի ակցիաների ընթացքում զոհերի համար, կոչ է անում հարգել խաղաղ հավաքների ու խոսքի ազատության իրավունքը եւ բոլոր ցույցերը խաղաղ անցկացնել: Անհրաժեշտ է խուսափել հետագա բռնություններից», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհադը, Իսֆահանը եւ Ռաշթը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրում ներքին խնդիրներով, ինչպես նաեւ՝ այլ երկրների կողմից սադրանքներով: ԶԼՄ-ների տվյալներով՝ զանգվածային անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին 3 օրերին Թեհրանում շուրջ 450 մարդ է ձերբակալվել:




























