Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները տարբեր հանդիպումների ժամանակ անընդհատ խոսում էին այն մասին, որ մինչեւ տարեվերջ Սիլիկոնային հովտում կբացվի հայկական մշտական ներկայացուցչությունը։ Սակայն այդ ներկայացուցչույթյունը այդպես էլ մինչ օրս չի բացվել։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ներկայացուցչության բացման հետաձգումը պայմանավորված է Համաշխարհային բանկի կողմից համապատասխան ծրագրի հաստատման հետաձգմամբ։

«Նախատեսված էր, որ այս ծրագիրը համաշխարհային բանկի կողմից կհաստատվի հունիսին, սակայն ծրագրի հաստատումը տեղի ունեցավ միայն նոյեմբերին»,-ասաց Բ. Ենգիբարյանը։ Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ընդամենը Ազգային ժողովի վավերացումը, որից հետո արդեն Սիլիկոնային հովտում կբացվի հայկական մշտական ներկայացուցչություն։ Նախատեսվում է, որ Ազգային ժողովը ծրագիրը կհաստատի 2011 թ. ընթացքում։

Հայկական ներկայացուցչության բացումը Սիլիկոնային հովտում թույլ կտա հայկական ընկերություններին առավել լավ ներկայանալ ԱՄՆ-ում։ Սիլիկոնային հովիտը ԱՄՆ-ի խոշոր տեխնոլոգիական կենտրոններից է, այնտեղ աշխատում է շուրջ 4 մլն. ՏՏ մասնագետ։

Սիլիկոնային հովտում են գտնվում այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ Google, Yahoo, Apple, Hewlett Packard, Sun Microsystems, Intel եւ այլն։