Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան զգուշացնում է Վաշինգթոնին չփորձել միջամտել Իրանի ներքին գործերին, հաղորդում է Kommersant.ru-ն:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դիտմամբ օգտագործում է Իրանում տիրող իրավիճակը՝ փորձելով խարխլել Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կայունությունը։
«Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, երկրի ներքին գործն է, որը գրավում է միջազգային հանրության ուշադրությունը, սակայն, չնայած այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների էությունը խեղաթյուրելու փորձերին, համոզված եմ, որ մեր հարեւանը եւ մեր բարեկամ պետությունը կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները եւ դուրս գալ ընթացիկ շրջանից որպես ամրացած պետության եւ տարբեր խնդիրների լուծման հուսալի գործընկերոջ, այդ թվում՝ միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման հարցում»,- ասել է Ռյաբկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանին կտրամադրի զգալի աջակցություն, երբ դրա ճիշտ ժամանակն լինի։
Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհեդը, Սպահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ անկարգությունների արդյունքում զոհվել է 20 մարդ։ Շուրջ 450 հոգի ձերբակալվել են Թեհրանում վերջին երեք օրերին։




























