Երբ Իրանում ինչ-որ խնդիր է լինում, միանգամից մեղադրում են սիոնիստներին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարիի հայտարարությանը, թե Իրանում վերջին շրջանում տեղի ունեցած անկարգությունները Իրանի դեմ դավադրության մի մասն էին, որը հրահրել են ԱՄՆ-ն, սիոնիստներն ու Սաուդյան Արաբիան։
«Բնականաբար դեռ վաղ է այդ հարցի հետ կապված լուրջ գնահատական տալ: Մի բան հստակ է՝ երբ Իրանում ինչ-որ խնդիր է լինում, մեղադրում են սիոնիստներին եւ ԱՄՆ-ին: Խնդիրն իրականում սոցիալական է, տարիներ շարունակ դժգոհություններ են կուտակվել, իրանցիները կարոտ են բարեփոխումների: Հուսամ՝ Իրանը կվերանայի իր դիրքորոշումն եւ բարեփոխումներ կանի, որ երկիրը նմանատիպ ցնցումներ չտեսնի, հակառակ դեպքում մենք էլի ենք նման գործընթացներ տեսնելու, որովհետեւ երիտասարդ սերունդն ուզում է լուրջ փոփոխություններ սոցիալական հարթության մեջ: Հստակ տեսնում ենք, որ Իրանի հասարակությունն այդ բարեփոխումների կարիքն ունի, նույնիսկ հագուստի հետ կապված հարցն են բարձրացնում: Այս երիտասարդությունն այլեւս չի ուզում պարտադրված կրել այդ հագուստը»,- ասաց նա:
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի խոստմանը, թե ԱՄՆ-ը կաջակցի իրանցի ցուցարարներին, Գոհար Իսկանդարյանը հիշեցրեց, որ ժամանակին նման հայտարարություններ անում էր նաեւ Ջորջ Բուշ Կրտսերը. «Հիմա էլ Թրամփն է փորձում ամեն ինչ անել, որ վարչակարգը փոխվի, բայց չեմ կարծում, որ նման լծակներ ԱՄՆ-ն ունի այս պահին: Իհարկե Թրամփն ու նրա կողմնակիցները շատ լավ օգտագործում են սոցցանցերը, անուղղակի կերպով հրահրումներ անում են, բայց ուղղակի կերպով այս պահին գոնե հնարավորություններ չունեն»:
Նշենք, որ Իրանի խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Մեշհեդում, Սպահանում եւ Ռեշտում դեկտեմբերի 28-ից բողոքի լայնածավալ գործողություններ են ընթանում։ Իրանի նախագահ Հասան ռոհանին հայտարարել է, թե բողոքները պայմանավորված են ներքին խնդիրներով, սակայն օտար երկրների հրահրմամբ։ Տարբեր ԶԼՄ-ների տվյալներով, երկու տասնյակ մարդ է զոհվել, 450 մարդ ձերբակալվել է։




























