ՌԴ Պետդուման 1-ին ընթերցմամբ վավերացրել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը

Օրինագծին կողմ է քվեարկել 350 պատգամավոր, դեմ՝ 58-ը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ին ԱՄՆ Կոնգրեսը վավերացրել է այդ պայմանագիրը, որը մինչ այդ՝ 2010-ի ապրիլի 8-ին ստորագրել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

ԱՄՆ Կոնգրեսում ՌՀՍ պայմանագրի վավերացմանը կողմ են քվեարկել 71, դեմ՝ 26 սենատորներ: ԱՄՆ նախագահը ողջունել է պայմանագրի վավերացումն ու հանգիստ խղճով մեկնել հանգստի Հավայան կղզիներ:

ԱՄՆ կողմից պայմանագրի վավերացումից հետո հերթը Ռուսաստանինն է:

ՌՀՍ վերաբերյալ նախկին ռուս-ամերիկյան պայմանագրի (ստորագրվել էր 1991-ին) ժամկետը լրացել էր 2009-ի դեկտեմբերի 5-ին եւ մինչ օրս ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հնարավորություն չունեին վերահսկել միմյանց միջուկային զինանոցը: Նոր պայմանագրով միջուկային մարտագլխիկների թիվը սահմանվել է 1550 միավոր: Այժմ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին արգելվում է ռազմավարական միջուկային զենք ստեղծել սեփական տարածքներից դուրս: