Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի հարցերը, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիաի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Ջոնսոնը հայտարարել է իրանական միջուկային գործարքին Մեծ Բրիտանիայի հավատարմության եւ դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատելու պատրաստակամության մասին «Իրանի ապակայունացնող գործունեության հետ կապված միջոցառումների անցկացման նպատակով»: Կողմերը նաեւ քննարկել են Իրանում անցկացվող հակակառավարական ցույցերը եւ պայմանավորվել են հետեւել իրավիճակին:

Նրանք պայմանավորվել են շարունակել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի այն դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը: Դրանից զատ, Բորիս Ջոնսոնն ու Ռեքս Թիլերսոնը հայտարարել են Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը «կենդանացնելու» անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ քննարկել են Եմենի իրավիճակը: