ԱՄՆ-ն պատրվակ է փնտրում Իրանի վրա ճնշումը մեծացնելու համար, Վաշինգթոնի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի հնարավոր օգտագործումը հնարք է, որը չի համապատասխանում մեծ տերության կարգավիճակին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս կոչերը բավականին պարբերաբար եւ կանոնավոր են կրկնվում: Մեզ հասկանալի չէ, թե ամերիկյան կողմին համաձայնագրում ինչը չի գոհացնում: Համաձայնագրի բովանդակությունը լավ հայտնի է, ամերիկյան կողմը հետեւում է, թե ինչպես է այն իրականացվում, մասնակցում է համատեղ հանձնաժողովի նիստերին, այլ քննարկումների»,- ասել է Ռյաբկովը՝ մեկնաբանելով Փենսի հայտարարությունը:

Նախօրեին ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ ավելացնելով եւս 5 իրանական ընկերության: ԱՄՆ ֆիննախից պարզաբանել են, որ պատժամիջոցներն ուղղված են  Իրանի «հրթիռային ծրագրի հետ կապ ունեցող առաջատար ընկերությունների դեմ»:

Մեկնաբանելով Թեհրանի դեմ պատժամիջոցները խստացնելու Վաշինգթոնի մտադրությունները՝ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան ցանկացած միակողմանի պատժամիջոց ոչ լեգիտիմ է համարում: «Եթե ինչ-որ մեկին չի բավարարում Իրանի արտաքին քաղաքականության այս կամ այն կողմը, ապա այդ դեպքում հարկ է զբաղվել այդ կողմի հետ երկխոսության խորացմամբ եւ զարգացմամբ, այս կամ այն հարցերի կոլեկտիվ լուծումներ փնտրել: Չնայած ինձ համար հասկանալի չէ նաեւ Իրանի տարածաշրջանային քաղաքականության նկատմամբ ամերիկյան պահանջների էությունը»,- շեշտել է Ռյաբկովը: