ԱՄՆ-ն ընդարձակել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ ցանկի մեջ մտցնելով իրանական եւս 5 ընկերություն: Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում, փոխանցում է DW-ն:
Պատժամիջոցային ցանկում են հայտնվել հետեւյալ 5 ընկերությունները՝ Shahid Kharrazi Industries, Shahid Sanikhani Industries, Shahid Moghaddam Industries, Shahid Eslami Research Center եւ Shahid Shustari Industries: ԱՄՆ ֆիննախի հայտարարության մեջ նշված է, որ այս կազմակերպությունները կապ ունեն իրանական բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի հետ: «ԱՄՆ-ն շարունակում է վճռականորեն պայքարել իրանական ռեժիմի չարամիտ գործունեության դեմ, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելով, որոնք ուղղված են մարդու իրավունքների խախտումների դեմ»,- ընդգծել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին:
Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մեշհեդը, Իսպահանը եւ Ռեշթը, դեկտեմբերի 28-ից բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ցույցերի պատճառը երկրի ներքին խնդիրների, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքի հետեւանք է: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին 3 օրում Թեհրանում ձերբակալվել է մոտ 450 մարդ:




























