Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ Թբիլիսիի դատարանի վճիռը Ուկրաինային հիմնավորում չի տալիս նրան արտահանձնելու համար, կարծում է քաղաքական գործչի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին, փոխանցում է NewsOne-ը:

Ավելի վաղ Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին հեռակա 3 տարվա ազատազրկման էր դատապարտել 2006 թվականին «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել «ծառայողական դիրքի չարաշահման» հոդվածով: Դատարանի որոշմամբ՝ Սաակաշվիլին ներել է Գիրգվլիանիի գործի հետ կապված բարձրաստիճան պաշտոնյաներին՝ այդպիսով նրանց պատասխանատվությունից ազատելով: Դրանից հետո Կիեւում քաղաքական գործիչները սկսել են խոսել Սաակաշվիլիի հնարավոր արտահանձնման մասին:

«Մեր կարծիքով՝ բոլոր գործերը, որ Վրաստանում Սաակաշվիլիի դեմ քննվում են, բացառապես քաղաքական են: Դրանք քաղաքական հետապնդումներ են: Ուկրաինայի իշխանությունների կողմից արտահանձնման ցանկացած գործողություն ապօրինի կլինի նունիսկ Թբիլիսիի դատարանի որոշման հիմնավորմամբ: Սաակաշվիլին այսօր իրավական բավականաչափ կարգավիճակ ունի, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները չկարողանան նրան արտահանձնել եւ արտաքսել: Առաջին՝ նա Ուկաինայի օրենքների համաձայն՝ քրեական գործով կասկածյալ է համարվում: Երկրորդ՝ մինչդատական քննություն է ընթանում, որտեղ նա դատավարական կողմ է»,- ասել է Չերնոլուցկին:

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացի եղած եւ վերջին տարիներին երկրում ապրած անձը չի կարող արտահանձնվել:
Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին կողմնակիցների աջակցությամբ «Շեգինի» հսկիչ անցակետում ճեղքել է սահմանապահների եւ ոստիկանների արգելապատնեշը եւ Լեհաստանից Ուկրաինայի տարածք մտել: Սաակաշվիլին փորձում է դատարանի միջոցով վերադարձնել Ուկրաինայի քաղաքացիությունը, քննադատում է Ուկրաինայի իշխանություններին եւ բողոքի ակցիաներ կազմակերպում: