Հայտնի WhatsApp մեսենջերն ամբողջությամբ դադարեցնում է աշխատանքը մի քանի սմարթֆոններում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Ծրագիրը կդադարի գործել iPhone-ի հին մոդելների համար, Microsoft 8.0 եւ ավելի հին, BlackBerry, Android 2.3-ից հին եւ iOS 6 օպերացիոն համակարգերի հին տարբերակներով աշխատող սմարթֆոններում ու գաջեթներում։

Այս սարքերի օգտատերերը հնարավորություն չեն ունենա նոր հաշիվներ բացել կամ հաստատել գոյություն ունեցողները։ Սրա հետ մեկտեղ, ծառայության դադարեցումը տեղի կունենա աստիճանաբար, մեսենջերի որոշ գործառույթներ կդադարեն գործել ցանկացած պահի։ Առաջին անջատումները սկսվել են արդեն 2018 թվականի հունվարի 1-ին։

«Մեզ համար դժվար էր նման որոշում կայացնել, բայց այն թույլ կտա բարելավել հաղորդակցման գործընթացն ընկերների, ընտանիքի եւ հարազատների հետ WhatsApp-ի օգնությամբ»,- International Business Times-ին հայտնել է մեսենջերի ներկայացուցիչը։

Նշենք, որ ծրագիրն ամեն օր օգտագործում է շուրջ մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում։