Որեւէ հիմք առկա չէ գործող խորհրդարանը ցրելու համար, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

«Սահմանադրության մեջ նշված հիմքերից որեւէ մեկն առկա չէ որպես ԱԺ լուծարման հնարավոր տարբերակ: Իսկ կամայական լուծարում, ինչը կար մինչեւ սահմանադրական փոփոխությունները, պարզապես հնարավոր չէ Հայաստանում»,-նշեց Թորոսյանը:  

Նշենք, որ հայաստանյան լրատվամիջոցներից մեկը ԱԺ-ն ցրելու հավանականության մասին դիմել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչին կառավարությունից պատասխանել էին. «Առանց մեկնաբանության»:

Ըստ Հայաստանի Սահմանադրության, համապատասխան հիմքերի դեպքում ԱԺ-ն ցրելու առաջարկով հանրապետության նախագահին կարող են դիմել վարչապետը եւ ԱԺ նախագահը:

Նշենք, որ ըստ սահմանադրության, երկրի նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:

ՀՀ նախագահն Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝

ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.

բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.

գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում: