Իրանում բողոքի ցույցերն ավարտվում են։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի Արեւելագիտության ինստիտուտի (ֆակուլտետի) տնօրեն, Iran and the Caucasus (Brill Academic Publishers, Leiden) միջազգային գրախոսվող հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գառնիկ Ասատրյանը։
Խոսելով Իրանում ստեղծված իրավիճակի մասին՝ Ասատրյանը նշել է. «Առայժմ շատ բան պարզ չէ։ Հակասական ինֆորմացիա է գալիս։ Վերջնական հաստատված տեղեկությունն այն է, որ արդեն ավարտվում են բողոքի ցույցերը։ Մեծ քաղաքներում առհասարակ նշանակլից խլրտումներ չեն եղել։ Ոչ Թեհրանում, ոչ Ռեշտում, ոչ Թավրիզում ու այլն»։
Ասատրյանի խոսքով, կարեւոր էր, որ էթնիկական խնդիրը չի արծարծվել, թեեւ դրսի, հատկապես ամերիկյան որոշակի շրջանակների ռեսուրսներ փորձել են սրել իրավիճակը այս դաշտում։
Ասատրյանը նաեւ արդարացված է համարում Հայաստանի իշխանությունների զուսպ արձագանքը բողոքի ակցիաներին Իրանում։
Նա նշել է նաեւ, որ ըստ եղած տեղեկությունների, Բաքվում դեկտեմբերից սկսած գործել է հատուկ խումբ՝ ՊՆ համակարգում, որը որոշակի աշխատանք է տարել Իրանում ցույցերի կազմակերպման եւ կոորդինացման ուղղությամբ։




























