Իրանում քաղաքական փոփոխությունները պետք է լինեն այդ երկրի ժողովրդի աշխատանքի արդյունքը, ոչ թե արտաքին ազդեցության: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանում փոփոխությունները չպետք է լինեն արտաքին ազդեցության արդյունք, դրանք պետք է լինեն իրանցի ժողովրդի աշխատանքի արդյունքը»,- նշել է նա` ելույթ ունենալով Իրանում բողոքի ցույցերի հարցով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Դիվանագետը նաեւ նշել է, որ երկրում տիրող իրավիճակը միջազգային անվտանգության համար սպառնալիք չէ, չնայած վերջին բողոքները մտահոգություն են առաջացնում:

Իրանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Մաշհեդում, Սպահանում եւ Ռեշտում, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունենում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ անկարգությունների արդյունքում զոհվել է 20 մարդ։ Վերջին օրերին Թեհրանում շուրջ 450 մարդ է ձերբակալվել: