Իրանում բողոքի ակցիաներին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը դուրս է այս մարմնի լիազորությունների շրջանակից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլյամալի Խոշրուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, չնայած որոշ անդամների դիմադրությանը` Անվտանգության խորհուրդը թույլ տվեց ԱՄՆ-ին օգտագործել այս հարթակը իր նպատակների համար եւ գումարել այս նիստը, որը դուրս է այս մարմնի լիազորություններից: Սա օրինակ է այն բանի, որ Անվտանգության խորհուրդը չի իրականացնում իր իրական գործառույթները»,- հայտարարել է Իրանի դիվանագետը` ելույթ ունենալով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Իրանում բողոքի ցույցերի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում։

Խոշրուն շեշտել է, որ փորձելով  ազդել «բացառապես Իրանի ներքին գործերի» վրա՝ ԱՄՆ-ն օգտագործում է Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր լիազորությունները: Նա նշել է, որ  երկրի ներքին խնդիրները, որոնք Իրանի իշխանությունները փորձում են լուծել՝ պահպանելով իր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, չեն կարող միջազգային անվտանգության կարեւորագույն մարմնի քննարկման առարկա դառնալ։

Դիվանագետը հերթական անգամ հայտարարել է, որ բողոքները կոչերը գալիս են նաեւ արտերկրից: Այնուամենայնիվ, ցույցերը դաժանորեն ճնշելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները Խոշրուն անվանել է երկակի՝ որպես օրինակ բերելով 2011 թվականին ԱՄՆ-ում Occupy Wall Street շարժման ժամանակ ոստիկանության կողմից կիրառված բռնությունը։