Արդեն երկրորդ օրն է Իրանում շարունակվում են վերջերս տեղի ունեցած բողքի ակցիաների դատապարտման եւ կառավարության աջակցության համար կազմակերպված խաղաղ ցույցերը, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Նրա հաղորդմամբ՝ ցույցերին մասնակցում է մի քանի հազար մարդ: Ցույցերն անցկացվում են ամբողջ երկրում`Թեհրանի եւ Սեմնանի հյուսիսային հատվածներում, Քերմանում եւ Իլամում:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհեդը, Իսֆահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով:  Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ առնվազն 20 մարդ դարձել է անկարգությունների զոհ, վերջին երեք օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում ձերբակալվել է շուրջ 450 մարդ:

Նախօրեին ԻՀՊԿ հրամանատար Մուհամմադ Ալի Ջաֆարին ասել է, որ երկրում ցուցարարների համար խոռվությունը անհաջող ավարտ է ունեցել:

 Հունվարի 4-ին Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 42 հազար մարդ: