Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Այս մասին Բրիտանիայում հիմնավորված al-Quds al-Arabi պարբերականին հայտնել են Թեհրանում մի քանի «հավաստի աղբյուրներ»:
Թե դա կոնկրետ երբ է տեղի ունեցել պարբերականի զրուցակիցները չեն հստակեցրել՝ նշելով սակայն, որ քաղաքական գործչին Շիրազում են կալանավորել: Նրանց խոսքով՝ Ահմադինեժադին կալանավորելու օրդեր է տրվել «երկրի բարձրագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հավանությամբ» Բուշիրում ցուցարարների առջեւ Իրանի նախկին նախագահի ելույթից հետո:
Հունվարի 4-ին, ինչպես հիշեցնում է al-Quds al-Arabi-ն, Ահամդինեժադը հայտարարել էր, թե իր կարծիքով՝ «Իրանի ներկայիս որոշ պաշտոնյաներ հեռու են սովորական մարդկանց խնդիրներից եւ ոչ մի բան չգիտեն հանրության գործերի իրական վիճակի մասին»: «Իրանն այսօր տառապում է ոչ տնտեսվար լինելուց, այլ ոչ թե տնտեսական ռեսուրսների բացակայությունից»,- նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, թե ինքը համոզված է, որ «Հասան Ռոհանիի կառավարության անդամները կարծում են, թե իրենց է պատկանում բացարձակ իշխանությունը, իսկ (սովորական) մարդիկ ընդամենը տգետ հանրույթ են, որոնք ոչ մի բան չեն հասկանում»:
Նշենք, որ իրանական լրատվամիջոցները առայժմ Ահմադինեժադի կալանավորման մասին ոչ մի տեղեկություն չեն հրապարակել:




























