2018 թվականի հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է:

ՀՀ Քննչական կոմիտեից այս առնչությամբ NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎ X6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի եւ «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղեւոր Խ.Գասպարյանը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղեւորները։

Ավտովթարից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն: «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել է եւ ձերբակալվել։

Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմինը տեղեկացել է, որ մահացել է նաեւ վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած ոստիկանության՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը։