«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը, որը մեկնարկել էր 2007-ից, նախատեսված էր ավարտին հասցնել եռամյա ժամկետում` մինչեւ 2010-ը: Ծրագիրը, որն իրականացնում են Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունները՝  KFW գերմանական զարգացման բանկի միջոցներով, հետաձգվել է, եւ որպես առավելագույն ուշացման ժամկետ` պատասխանատուները նշում են 2012-ը:

«Տեղի բնակլիմայական պայմանները անչափ խիստ են` շինարարությունը դժվարություններով է ընթանում. բացի այդ էլ ամեն ինչ երկկողմանի ենք համաձայնեցնում` համ Բնապահպանության նախարարության հետ, համ էլ` KFW գերմանական զարգացման բանկի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Նրա վստահեցմամբ` աշխատանքները ձգձգվում են հատկապես գերմանական կողմի հետ բանակցությունների պարագայում, քանի որ յուրաքանչյուր քայլը վերջինիս վերահսկողությամբ է կատարվում, իսկ այդ ամենը ժամանակատար գործընթաց է:

Ըստ Կ. Մանվելյանի, նախագծի ընդհանուր նպատակն է պահպանել Ջավախք-Շիրակ բարձրավանդակի յուրահատուկ կենսաբազմազանությունը` Վրաստանի եւ Թուրքիայի հետ սահմանին, միաժամանակ նպաստել Շիրակի մարզում համայնքային կայուն զարգացմանը:

Նշենք, որ Ազգային պարկի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 62.000 հա: Պարկի տարածքում աճում է մոտ 670  տեսակի բույս, որոնցից 22 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, ապրում է 30 հազվագյուտ տեսակի կաթնասուն, հայտնաբերվել է թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40 տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: