«Օքսֆամ Մեծ Բրիտանիա» հայաստանյան գրասենյակն սկսած 2010 թ. մայիսից «Ապավեն Համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության օգնությամբ Վայոց Ձորի 10 համայնքներում իրականացնում է Աղետների ռիսկերի նվազեցման ծրագիր: Սա Եվրախորհրդի հումանիտար գրասենյակի (DIPECHO) կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում եւԱդրբեջանում:
Այս ծրագիրը նպատակ ունի բարձրացնել տեղական համայնքների ու ազգային կառույցների պատրաստվածությունը եւ նվազեցնել նրանց խոցելիությունը: «Օքսֆամ Մեծ Բրիտանիայի» հայաստանյան գրասենյակն աշխուժորեն մասնակցել ու նպաստել է Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ձեւավորմանը: Վայոց ձորի մարզում իրականցվող ծրագիրը եւս աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի բաղկացուցիչ հատվածներից է:
Դեկտեմբերի 24-ին Վայոց ձորի մարզի Արտաբույնք եւ Խաչիկ համայնքներում նշված բարեգործական ու հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց եւ համայնքների 6-ամսյա համագործակցության արդյունքները: Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում Արտաբույնք համայնքում վերանորոգվել է մեկ կամուրջ եւ Խաչիկ գյուղի սելավատարը:
Ծրագրում ընդգրկված համայնքների 60 ուսուցիչների համար իրականցվել են «Առաջին օգնություն» եւ «Աղետների ռիսկերի նվազեցում» թեմաներով մեկօրյա դասընթացներ: Համայնքների դպրոցներին տրամադրվել են առաջին օգնության պարագաներով արկղիկ եւ շենքի ներսում տեղադրվել է հակահրդեհային վահանակ: Աշակերտներին բաժանվել են աղետներին պատրաստվածության եւ անվտանգության կանոնների վերաբերյալ տպագիր ուսուցողական նյութեր: «Ապավեն Համայնքներին» կազմակերպության եւ Հայաստանի փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օգնությամբ մարզի 10 համայնքներում ձեւավորվել են աղետներին արձագանքման համայնքային խմբեր, որոնցում ընդգրկված կամավորներն անցել են «Առաջին օգնություն» եւ «Փրկարարական գործ» թեմայով երկօրյա գործնական պարապմունքներով դասընթաց, ինչպես նաեւ ապահովվել անհրաժեշտ հանդերձանքով` համազգեստով ու փրկարարական գործիքներով:





























