Իրանում անկայունությունը վտանգավոր է Հայաստանի համար։ Այս մասին հունվարի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը հարեւան երկրներից միայն երկուսի հետ ունի լավ հարաբերություններ, ուստի ցանկացած լարվածություն Վրաստանում կամ Իրանում բացասաբար կարող է ազդել նաեւ նրա վրա։ «Հայ-իրանական հարաբերությունները երկկողմ ֆորմատով զարգանում են փաստացի բոլոր ուղղություններով։ Այս պլանում ինչ հնարավոր էր անել, արդեն արվել է։ Դժվար է պատկերացնել, թե էլ ինչպես խորացնել դրանք»,-նշել է փորձագետը՝ հավելելով, որ ակնհայտ է դառնում, որ Իրանը ծայրահեղ կարեւոր է Հայաստանի համար։
Միաժամանակ, խոսելով Իրանում տեղ գտած եւ արդեն հանդարտված բողոքի ցույցերի մասին՝ փորձագետը ընդգծել է, որ դրանց համար հիմքեր կային, սակայն, չնայած դրան, լուրջ բան չի կարող լինել։




























