Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ողջ կաթոլիկ աշխարհն ու ուղղափառների մի մասը նշում են Սուրբ Ծնունդը: Հայաստանի հունական համայնքը եւս մեծ շուքով նշում է այն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի հունական համայնքի ղեկավար Նիկոլաիդիս Ֆրոնտիկը ներկայացրեց, թե ինչպես է հունական համայնքը նշում Սուրբ Ծննդյան տոնը: «Հույների Սուրբ Ծննդի ավանդույթները առանձնանում են բոլորի ավանդույթներից, թեեւ, 1760-ականներից հայերի կողքին ապրելով շատ սովորույթներ էլ յուրացրել ենք նրանցից»,-նշեց Ֆ. Նիկոլաիդիսը: Նրա ներկայացմամբ` Սուրբ Ծննդյան գիշերը թխվում է խաչաձեւ թխվածք, եւ յուրաքանչյուր ընտանիք կախում է այն բնակարանի «սրբերի անկյունում»: Օրվա տոնական ուտեստ է համարվում «տոլման», որը խորհրդանշում է բարուր Քրիստոսին: Դեկտեմբերի 25-ին   երեխաները, Սուրբ Ծննդյան տոնին նվիրված երգեր երգելով, շրջում են տնետուն ու, որպես նվերներ, տանտերերից ստանում քաղցրավենիք ու թխվածք: Հույն համայնքի ղեկավարի խոսքով` տղամարդիկ էլ տոնին մեծ փայտեր են այրում, որը խորհրդանշորեն կոչված է` մանուկ Քրիստոսին տաքացնելու համար:

Ֆ. Նիկոլաիդիս խոսքով, ներկայումս Հայաստանում 7 հունական գյուղ կա, սակայն համայնքի մեծամասնությունը Երեւանում է բնակվում` թվով 600 ընտանիք: «Շատ սովորություններ էլ հայերից ենք վերցրել. օրինակ թխվածքի մեջ մետաղադրամ դնելը: Ում բաժին կընկնի մետաղադրամը, նա էլ նոր տարում բախտավոր կլինի»,-հավելեց նա` Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորելով թե՜ հույներին, թե՜ հայերին: